Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 13-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյան խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտարարեց փաստաբան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ դատական սանկցիա կիարառելու մասին: Դատարանը հայտարարեց, որ ամբաստանյալներ Տիգրան Մանուկյանի եւ Թաթուլ Թամրազյանի շահերի պաշտպան Մոնիկա Մարգարյանին պատասխանատվության ենթարկելու համար դատարանը կդմիմի Փաստաբանների պալատ:
Մոնիկա Մարգարյանը լքել էր դատական նիստերի դահլիճը` իր պաշտպանյալների` դատարանի դահլիճում չգտնվելու պատճառաբանությամբ:
Այսօր դատարանի դահլիճում են միայն ամբաստանյալներից Արամ Մանուկյանն ու Հովհաննես Հարությունյանը: Թաթուլ Թամրազյանը լքեց դահլիճը` նշելով, որ չի ցանկանում առանց իր ընկերների մասնակցել նիստին:
Դատարանը մյուս 15 անդամների նկատմամբ դատական սանկցիա էր կիրառել ոտքի չկանգնելու համար եւ հեռացրել նիստերի դահլիճից:
Նշենք, որ այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:




























