Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 13-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստին Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Դավիթ Գյուրջյանի, Գրիշա Բալասանյանի եւ Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի եւ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ` նիստերի դահլիճը լքելու համար: Դատարանը որոշում կայացրեց փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանների պալատ: Արայիկ Հակոբյանի եւ Մարտիրոս Հակոբյանի շահերի պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանը, Տիգրան Սարգսյանի շահերի պաշտպան Գրիշա Բալասանյանը, Վարդան Գերավետյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը եւ Գեւորգ Իրիցյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը լքել էին դատական նիստերի դահլիճը, քանի որ նրանց պաշտպանյալները նիստին չէին մասնակցում, իսկ Մուշեղ Շուշնյանը հրաժարվել էր մտնել դատարան` պայուսակը չբացելու համար:

Նշենք, որ այս պահին նիստերի դահլիճում են ամբաստանյալներից Արամ Մանուկյանը եւ Հովհաննես Հարությունյանը, իսկ փաստաբաններից նիստերի դահլիճում են միայն Արամ Մանուկյանի շահերի պաշտպան Հրանտ Գեւորգյանը, Վարդգես գեւորգյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը եւ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը:

Դատական նիստը  հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 20-ին:

Նշենք, որ այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: