Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ճեղքում ԵԱՀԿ գագաթաժողովում չի արձանագրվի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, այժմ` Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում:

«Հնարավոր է, անշուշտ, դիվանագիտական վեճեր ընթանան, թե ինչպիսի բանաձեւ պետք է ընդունվի, բայց այստեղ էլ մեծ փոփոխություններ, նորություններ չարժե սպասել»,- ասել է նա:

Նրա խոսքով, տեղաշարժ կլինի, երբ նախագահները սկսեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի հնարավորության մասին խոսել:

Ինչ վերաբերվում է Հայաստանի կողմից Մադրիդյան սկզբունքները մերժելու հնարավորությանը, ԼԻպարիտյանը նկատել է, որ դրա համար տարբեր ձեւեր կան:

«Կարելի է համաձայնել, բայց այնքան բացառություններով, վերապահումներով ու դժգոհություններով, որ չհամաձայնելուն կհավասարվի: ԼՂ կարգավորման բացահայտված այդ սկզբունքները, ինչպես որ կան, այո, համաձայն եմ, որ Հայաստանը կարող է մերժել: Բայց այստեղ կարող է այլ տարբերակ լինել` առանձին հանդիպումներում համաձայնություն տալ` հետո մերժել»,- նկատել է Լիպարիտյանը: