Հայաստանի պաշտոնական միակ լեզուն հայերենն է, ինչը սահմանադրական նորմ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի այն առաջարկին, որ ՀՀ իշխանությունը կարող է ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում:
«ՀՀ պետական միակ լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է եւ վերջ, Պետդումայի խոսնակն իր կարծիքն է ասել: Հայկական պատվիրակությունն այնտեղ է, կվերադառնան ավելի մանրամասն կխոսեն, բայց մեկ անգամ ես վերահաստատում եմ, որ մեր միակ լեզուն հայերենն է, ՀՀ բոլոր քաղաքացիների համար Սահմանադրությունում առկա նորմերը պարտադիր են, մնացածը պատվիրակության հետ ճշտեք, թե հանդիպման ընթացքում ինչ է եղել »,-ասել է Շարմազանովը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Իսկ ուրբաթ՝ հուլիսի 14-ին, Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։
Իսկ արդեն այսօր՝ հուլիսի 17-ին, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի Հայաստանի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում:




























