ԵԱՀԿ երկրներից ոչ մեկն անհանգստություն չի հայտնել WikiLeaks-ի հրապարակումների առիթով եւ չի հրաժարվել համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը` Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ:
«Աստանայում ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել պետական շատ գործիչների հետ եւ իհարկե բարձրացրել եմ WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերում արծարծված հարցերը»,- ասել է նա։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, սա ոչ մի կերպ չի խանգարում ամերիկյան դիվանագիտությանը եւ այն պարտավորություններին, որոնք ստանձնել է Միացյալ Նահանգները։ «Ես վստահ եմ՝ աշխատանքը, որ մեր դիվանագետները տանում են ամեն օր, շարունակական կլինի, կլինեն մեծ քանակությամբ հարցեր, որոնք մարդիկ իրավունք ունեն տալ մեզ, եւ մենք էլ կպատասխանենք այդ հարցերին»,- նշել է Քլինթոնը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, WikiLeaks ինտերնետ-ռեսուրսը հրապարակել էր ամերիկացի դիվանագետների գաղտնի-ծառայողական փաստաթղթեր եւ նրանց նամակները։





























