«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին՝ («Միայնակ գայլ») բժշկական զննության չեն ենթարկում: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ դեռեւս երկու շաբաթ առաջ դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարին իր պաշտպանյալի առողջական վիճակի զննությունը կազմակերպելու հարցով, սակայն, մինչ օրս որեւէ պատասխան չի ստացել:
Պաշտպանը հայտնեց, որ բացի այդ, հաշվի առնելով, որ իր պաշտպանյալը ցավեր ունի, միջնորդել է, որպեսզի դիմումն արագ քննվի եւ մարմնական վնասվածքների արձանագրություն կազմվի, սակայն, մինչ օրս ոչինչ չի արվել:
Արա Ղարագյոզյանի խոսքով, այսօր միջնորդություն է ներկայացնելու քննիչին, որպեսզի քննիչի որոշմամբ Արայիկ Խանդոյանը դատաբժշկական փորձաքննության ենթարկվի, քանի որ Արայիկ Խանդոյանը արդեն երկար ժամանակ կողքի շրջանում ցավեր ունի:
Պաշտպանը անեւ նշեց, որ դատարնում հունիսի 28-ին տեղի ունեցած միջադեպով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով միայն տուժողներ կան ճանաչված, իսկ կասկածյալ դեռ չկա:
«Ես հենց առաջին օրը դատախազություն էի դիմել, որպեսզի այս գործը ՀՔԾ չուղարկվի, սակայն, ուղարկեցին: Ելնելով այն հանգամանքից, որ «Սասնա ծռեր» խմբի գործով նախաքննությունը ՀՔԾ-ն է իրականացրել, պարզ է, որ այս գործով եւս օբյեկտիվ նախաքննություն չի կարող իրականացվել: Այս քրեական գործը ձեւական է հարուցվել՝ միջազգային կառույցներին ցույց տալու համար միայն: Մինչեւ հիմա ոչ մի գործով ոստիկան չի կալանավորվել եւ վստահ եմ, որ այս գործով եւս չի լինի»,-ասաց նա:
Նշենք, որ Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի փաստով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով Սմբատ Բարսեղյանը Գագիկ Եղիազարյանը, Արայիկ Խանդոյանը՝ («Միայնակ գայլ») եւ Մխիթար Ավետիսյանը տուժող են ճանաչվել:
Հիշեցնենք, որ Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի խցում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Պաշտպաններն ահազանգել էին, որ իրենց պաշտպանյալները մարմնական վնասվածքներ են ստացել: Ավելի ուշ ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց, ըստ մամուլի տեղեկությունների, դատարանում ամբաստանյալներին ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է փոխգնդապետ Արմեն Ղազարյանը:




























