Անգելա Մերկելը չորրորդ անգամն է՝ ընտրվել է Գերմանիայի կանցլեր։ NEWS.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը այս համեմատությամբ արձագանքեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի երրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշմանը։
«Ես դա մեր ազգի համար չափազանց դրական եմ գնահատում, որովհետեւ ես առաջնորդվում եմ պատմության մեջ ամրագրված երեւույթներով, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անկախ էն հանգամանքից, որ Միացյալ նահանգների Սահմանադրությունում ֆիքսված է, որ երկու անգամից ավելի չի կարող լինել մի մարդը երկու անգամ նախագահ, պայմանավորված երկրի բարդ խնդրով՝ նորից ամերիկյան հասարակությունը ստիպեց, որ Ռուզվելտը 4 անգամ ընտրվի նախագահ։ Մերկելը անկախ ամեն ինչից գերմանական շրջահայաց հասարակության պարագայում որերորդ անգամ է՝ դառնում է կանցլեր»։
Անդրադառնալով Բակո Սահակյանի ընդդիմախոսների այն պնդումներին, որ երրորդ անգամ առաջադրվելը հակասահմանադրական է նաեւ հարված Արցախի ժողովրդավարությանը, Բոստանջյանն ասաց. «Արցախը ժողովրդավարության կղզյակ է եւ շարունակվում է ժողովրդավարական արժեքներով։ Ես կարծում եմ, որ հայկական երկու հանրապետությունները առաջնորդվում են ազգին վերաբերող նույն արժեքներով»։
Նշենք, որ Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվել են երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում–88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։
ԼՂՀ ԱԺ երեք խմբակցություններ՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները սատարում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Այսինքն՝ սպասվում է, որ Բակո Սահակյանը կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը, 33 պատգամավորներից 28-ը պատրաստ են քվեարկել նրա թեկնածության օգտին։ Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը:




























