2016-2020 թվականների զարգացման ռազմավարության համատեքստում մենք պետք է 2025 թվականին Հայաստանի մարզերում գրեթե 60 հազար աշխատատեղ ապահովենք: Այս մասին հուլիսի 19-ին հայտարարեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ելույթ ունենալով տարածքային զարգացման «Տարածաշրջանային եւ տեղական խաղացողների ջանքերի միավորումը ռազմավարական նպատակների ակտիվացման համար» թեմայով համաժողովում:

Նրա խոսքով՝ այս գործընթացում ջանքերի միավորումը չափազանց կարեւոր է: Ըստ նախարարի՝ սա վերաբերում է մարզային վարչակազմերին, բիզնես ասոցիացիաներին, հասարակական կազմակերպություններին, նախարարությանը եւ միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք գործընթացին ակտիվորեն մասնակցել են: «Այս ամբողջ գործընթացում հատկապես իրատեսական եւ գործուն աջակցություն է ցուցաբերել Եվրամիությունը»,- ընդգծեց Լոքյանը:

Նախարարն այնուհետեւ հավելեց, թե բոլորին է հայտնի, որ 2016 թվականին Հայաստանն ընդունել է 2016-2020 թվականների զարգացման ռազմավարությունը: «Սա իրատեսական փաստաթուղթ է, որում ամրագրվել է, որ 2025 թվականին երկրի յուրաքանչյուր տարածքում պետք է բավականին բարձր ՀՆԱ լինի»,- նշեց Դավիթ Լոքյանը: