ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակությունը քոլեջի ղեկավար գեներալ-լեյտենանտ Դիտեր Լոզերի գլխավորությամբ դեկտեմբերի 1-ին այցելել է Հայաստանի Պաշտպանության նախարարություն:
NEWS.am-ին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ճանաչողական-ուսումնական այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակությունը կազմված է եղել ավագ կուրսերի ուսանողներից եւ դասախոսներից: Պատվիրակության կազմում եղել է նաեւ ադրբեջանցի ուսանող:
ՀՀ ՊՆ-ում հյուրերի համար դասախոսություն են կարդացել Հայաստանի Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության եւ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները:
Պաշտպանության ոլորտում Հայաստանի քաղաքականությունը ներկայացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին դասախոսությամբ:
ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետ Դիտեր Լոզերը ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել: Նա հայտարարել է, որ այցի շնորհիվ քոլեջի ուսանողները ավելի հիմնավոր գիտելիքներ կունենան Հայաստանի պաշտպանական քաղաքականության եւ տարածաշրջանային անվտանգության մասին:





























