Երեւանում հուլիսի 17-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանին դանակահարելու մեջ կասկածվող Հրանտ Համբարձումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով, ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հուլիսի 20-ին որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 14-րդ կետերով եւ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է: Հրանտ Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 17-ին, ժամը 14.40-ի սահմանում, հենց իր աշխատասենյակում դանակահարել էին հոգեբան Ռուբեն Պողոսյանին: Նա վնասվածքներ էր ստացել դեմքի գլխի եւ վերին վերջույթների շրջանում:
Պարզվել է, որ նրան դանակահարել է 34-ամյա Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով: Հոգեբանին ծանր վիճակում «շտապօգնության» մեքենայով անմիջապես տեղափոխել են են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա մոտ առկա է եղել առատ արյունահոսություն եւ ծանր աստիճանի հեմոռագիկ շոկ: Հուլիսի 20-ին հայտնի հոգեբանը հիվանդանոցում մահացել էր:
Նշենք, որ մեր տեղեկություններով դանակահարողն նրա հիվանդներից է եւ նախնական տեղեկություններով՝ ունի հոգեկան խնդիրներ:



























