Ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ղազախստան, որտեղ դեկտեմբերի 1-2-ին ընթանում էր ԵԱՀԿ գագաթաժողովը:
Իր այցի ընթացքում Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել Կազմակերպության գագաթաժողովի ամբիոնից: Նախագահը նշել է, թե «Ադրբեջանը ո՜չ իրավական, ո՜չ բարոյական իրավունք չունի հավակնել Ղարաբաղին»:
«Հայաստանը կտրականապես դեմ է ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանը, բայց Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե, քանի որ Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում»,- ասել է նախագահը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել նոյեմբերի 30-ին:
Գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարություն էին տարածել: Նրանք նշել էին, որ ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նաեւ հրադադարի ռեժիմի եւ վստահության միջոցների ամրապնդման լրացուցիչ քայլերի կոչ էին արել:
Նշենք, որ Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ ակնկալվող հանդիպումը գագաթաժողովի շրջանակներում այդպես էլ չկայացավ:





























