Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները գնալով վատթարանում են: Ընդհուպ այն աստիճան, որ նրանք բացահայտ «մենամարտում» են միմյանց դեմ՝ այդ ընթացքում «կոտորելով» յուրայիներին: Այդ մենամարտի դրսւեւորումները նկատելի են հատկապես այդ երկու պաշտոնյաների հարազատ մարզում՝ Արարատում, մարզի կառավարչական հիմնարկներում: Ալիկ Սարգսյանն, օրինակ, օգտագործելով Արարատի մարզում իր ազդեցությունը՝ աշխատանքից ազատել է տալիս այն աշխատակիցներին, ովքեր Հովիկի մարդիկ են, Աբրահամյանն էլ ձեռքից եկածն անում է՝ Ալիկ Սարգսյանի կադրերի հարցերը լուծելու ուղղությամբ: Այդ համատեքստում է նաեւ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանի պաշտոնանկությունը, որի հետեւում, ըստ NEWS.am-ի աղբյուրների, կանգնած է անձամբ Ալիկ Սերգեյիչը:

Թե ի՞նչն է եղել նրա հեռացման պատճառը՝անակնկալ է նաեւ մարզպետարանի աշխատակիցների համար: «Պարզապես ներկայիս մարզպետը կանչել է եւ ասել՝ դիմումդ գրի, պաշոլդ քաշի»,-նշեց մարզպետարանի աշխատակիցներից մեկը: Արմեն Մարգարյանն, ի դեպ, մարզպետարանում աշխատել է դեռ Հովիկ Աբրահամյանի մարզպետ եղած ժամանակներից: Ալիկ Սարգսյանի ձեռքով աշխատանքից հեռացած Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի օրոք՝ նույնպես: Վերջինս, ի դեպ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արմեն Մարգարյանը եղել է «շատ լավ աշխատող եւ Հովիկ Աբրահամյանին  հավատարիմ մարդ»: «Պարզ չի՞, թե ով է Մարգարյանին հեռացնողը՝ Ալիկը: Չնայած Հովիկ Աբրահամյանի  հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են, բայց իրար դեմ են դուրս եկել եւ չեն խնայում անգամ կողքի մարդկանց: Ափսոս էր Մարգարյանը, լավ աշխատող էր»։