«Սասնա ծռեր» խմբի ապստամբները զենքերը վայր դերցին, որ չլինի արյունահեղություն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում  ասաց   Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը զենքերը վայր դրեց եւ հանձնվեց։

«Իմ կարծիքով Սասնա ծռերի քայլը ճիշտ էր, նրանք դա արեցին, որ չլինի արյունահեղություն։ Սասնա ծռերի անդամներից ով հայտնվում էր իշխանության դիպուկահարների տեսադաշտում, միանգամից ծանր վիրավորում էին նրանց։ Բացի այդ էլ ցուցարարների նկատմամբ էին դաժան հաշվեհարդար տեսնում։ Իմ կարծքով, բավականին  վիճելի էր այդքան երկար՝ երկու շաբաթ դիմակայելը, մանավանդ որ նրանք  այդպիսի դիմակայման փորձ չունեին։ Հաշվի առնելով դրսից իրենց աջակիցների նկատմամբ ճնշումները, արյունահեղությունից խուսափելու հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ դատախազությունն ու անվտանգության ծառայությունը նրանց խոստացել էին, որ զենքերը վայր դնելու դեպքում պատիժը ոմանց նկատմամբ չի լինի, ոմանց էլ մեղմ կլինի, զենքերը վայր դրեցին, ինչը  իմ կարծիքով ճիշտ էր»,–ասաց  իրավապաշտպանը։

Ավետիք Իշխանյանը շեշտեց, որ ապստամբների տեսակետից գնահատել չի կարող, բայց ՀՀ քաղաքացու տեսանկյունից է հանձնվելը համարվում ճիշտ որոշում։

Իսկ այն, որ իշխանությունը չկատարեց խոստումը, իշխանյանի խոսքով՝ սպասելի էր հատկապես ապրիլի 2–ի ընտրությունների արդյունքներից հետո։

«Իշխանության  խոստումները հատկապես ապրիլի 2–ի ընտրություն կոչված միջոցառումից հետո, ոչ միայն չկատարվեցին, այլ մեղադրանքներն էլ ավելի խստացան։  Օրինակ, զրո  հանցանքի դիմաց  անազատության մեջ գտնվող Գեւորգ Սաֆարյանին մեկ  տարի էր տված, բայց ընտրությունից հետո նրա նկատմամբ նոր մեղադրանք առաջադրվեց։  Իշխանությունը ամրապնդվեց ու իր խոստումները չկատարեց։ Իսկ Հայաստանում ցանկացած արարք,  ինչպես նաեւ հանցանք իրավական հարթության մեջ չի կարելի դիտարկել, միայն  քաղաքական հարթության մեջ, քանի որ Հայաստանում չկան անկախ դատարաններ, որոնք օրենքի պահանջը կկատարեն»։

Անդրադառնալով  ապստամբների նկատմամբ Սերժ Սարգսյանի մարտավարությանը, Իշխանյանն ասաց. «Սերժ  Սարգսյանը բավականին համբերատար գործեց,  ճնշում էր ցուցարարներին, ձերբակալում նրանց, ոստիկանության ցուցումներ  էր տվել, որ ամենախիստ մեթոդներով պատժեն Սասնա ծռերի աջակիցներին , այս տեւական քայլերի արդյունքում,  հաջողվեց նրան այդպիսի ավարտով հանգուցալուծել իրավիճակը։ Ցուցարարների նկատմամաբ ջարդը, ճնշումները եւ արյունահեղությունից խուսափելու հանգամանքը, պատիժների վերաբերյալ խոստումները, ջլատեցին խմբին, որը որոշեց հանձնվել»։