Վանաձորում ակտիվացել են սնկային թունավորման դեպքերը: Միայն վերջին երեք օրերի ընթացքում Վանաձորում գրանցվել է սնկային թունավորման 4 դեպք՝ 6 տուժածով:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Լոռի մասնաճյուղի տնօրեն  Անժելա Հովհաննիսյանը մտահոգիչ համարեց սնկային թունավորման դեպքերի հաճախացումը` բնակիչներին խորհուրդ տալով չօգտագործել իրենց կողմից հավաքած սունկը, այն գնելով միայն թույլատրված վաճառակետերից:

 Դեպքերից առաջինը գրանցվել է հուլիսի 28-ին: Միաժամանակ Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել մայր ու դուստր՝ 44-ամյա Օվսաննա Դոխոլյանը  եւ 20-ամյա Սյուզաննա Սիմոնյանը: Տուժածների վիճակը կենտրոն ընդունվելու պահին եղել է ծայրահեղ ծանր:

Կոմատիկ վիճակում գտնվող տուժածներին առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մեկ օր անց Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել  57-ամյա Սիրամարդ Ղազարյանը: Վիճակը եղել է միջին ծանրության:

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանյան խճուղու բնակարաներից մեկից սկնային թունավորմամբ կենտրոն են տեղափոխվել  հայր ու որդի՝ 38-ամյա Մարատ ու  12-ամյա Հովհաննես Ղազարյանը: Երեխայի վիճակն ընդունման պահին եղել է ծանր, հորինը՝ միջին ծանրության:

Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերն էլ ծանր վիճակով նույն ախտորոշմամբ կենտրոն է  ընդունվել վանաձորցի  66-ամյա Սիլվա Մուրադյանը:

Կատարված հարցախույզից պարզ է դարձել, որ բոլոր տուժածներն օգտագործել են տարբեր վայերից իրենց իսկ հավաքած սունկը: