«Սասնա ծռեր» խմբի անդամները զենքերը վայր դրեցին, քանի որ այլ ելք չունեին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ հուլիսի 31-ին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում կատարած Սասնա ծռերը զենքերը վայր դրեցին եւ հանձնվեցին։ Քաղաքագետի խոսքով՝ հետագա զարգացումները ցույց տվեցին, որ նրանք չունեին պլան Ա։
«Կարող ենք երկու տարբեր երեւույթները գնահատել։ Մեկը Սասնա ծռերն են, թե ինչ արեցին ու որքանով էր դա մտածված, ինչ հետեւանքներ ունեցավ, եւ երկրորդը՝ հանրության արձագանքն էր։ Իմ կարծիքով, սրանք տարբեր երեւույթներ են։ Հանրության արձագանքը ցույց տվեց, որ մեծ հաշվով հանրությունն ընդունելի է համարում զենքով քաղաքական իրավիճակ փոխելու քայլը, եւ մինչեւ հիմա այդ տրամադրությունները զգացվում են։ Մյուսը Սասնա ծռերի բուն գործողությունն էր՝ որքանով էր այն արդյունավետ։ Այս պահին դժվարանում եմ գնահատել որպես զինված գործողությունը, թիրախը եւ կարգախոսները։ Իմ կարծիքով, իշխանության գլխին լատենտ կերպով կախված է այն, որ հանրությունը ընդունում է զենքով հարց լուծելու ճանապարհը։ Որքան էլ իշխանությունը փորձում է հանրային դաշտում այդ տրամադրություններ ստեղծոլ ու համոզել, որ ահաբեկչություն է, այնքան էլ չի ստացվում»։
Ինչ վերաբերում է զինված ապստամբության հանգուցալուծմանը, ինչը շատերի համար անկանխատեսելի էր՝ հաշվի առնելով, որ խմբի անդամները զինված իշխանափոխության գնալով պատրաստ էին վտանգել իրենց կյանքը, ասել է.
«Եթե հետեւենք իրենց հայտարարություններին, սկզբում այլ սցենար էր, ուղղակիորեն հայտարարություններին, որ իրենց միանալու են զորամասեր եւ այլն, ինչը տեղի չունեցավ։ Մնում էր մեկ ելք՝ զենքերը վայր դնել, որովհետեւ նրանք այն հիմնարկը չէին գրավել, որտեղ իմաստ կար գնալ մահանալ եւ ինչ–որ խնդիր լուծել, եթե դա լիներ որեւէ քաղաքական ինստիտուտ խորհրդանշող շենք, այլ երեւույթ կլիներ, որ գնային զոհաբերության։ Նրանք զենքերը վայր դրեցին, որովհետեւ այլ ելք չունեին, չունեին անգամ պլան Ա»,–ասել է Ստեփան Դանիելյանը։




























