Մեկ տարի առաջ՝ հուլիսի 31-ին, Սասնա ծռերը զենքերը վայր դրեցին, քանի որ արյունահեղություն չէին ցանկանում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը  Սարի թաղի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում  շուրջ երկու ամիս անցկացրեց անազատության մեջ։

«Ես ողջունել եմ, որ ճիշտ են արել, որովհետեւ իրենց նպատակը երբեւիցե չի եղել արյունահեղությունը։ Որքան էլ զինված էին, նրանք նմանատիպ մտադրություն չեն ունեցել։ Հակառակ դեպքում, այն զենքը, որ գտնվում էր ՊՊԾ գնդում, լիովին բավարար էր, որպեսզի արյունահեղություն տեղի ունենար, եթե խումբը ցանկանար»,–ասել է Մարտիրոսյանը։

 Նրա խոսքով՝ խմբի ցանկությունն է եղել ոտքի կանգնեցնել հասարակությանը, սակայն երբ հանրությունը ոտքի չկանգնեց, իշխանափոխություն անելու նպատակն այլեւս իրականացնել հնարավոր չէր․ «Նրանց ցանկությունն էր, որ հասարակությունը ոտքի կանգնի ու իրավիճակ փոխի, եւ իրենց գործողությունը պետք է առիթ լիներ,  եւ այդ պատճառով էլ նրանք գնացին այդ քայլին, բայց տեսնելով, որ իրավիճակն այդ ուղղությամբ առաջ չի գնում եւ արյունահեղության ցանկություն չունեին, որոշեցին զենքերը վայր դնել։ Սա ճիշտ որոշում էր։ Որքան էլ ասեն, որ զենքով պիտի Հայաստանում իշխանափոխություն լինի, քանի որ աշխարհում կա նմանատիպ փորձ, բայց կարծեմ՝ իրենց ու  բոլորի ցանկությունն այն է, որ խաղաղ ճանապարհով լինի, ինչը հավանական է»։