Վերջին 25 տարում Հայաստանի դիվանագիտության սխալներից մեկը Իսրայելին բավականաչափ ուշադրություն չդարձնելն է։ Այս մասին օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց արտակարգ եւ լիազոր դեսպան, փորձագետ Արման Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ այդ տարիներին Հայաստանը բավականաչափ արդյունավետ քայլեր չի ձեռնարկել՝ Իսրայելում դեսպանատուն բացելու եւ այնտեղ իր օրակարգը ներկայացնելու համար։ Նա հավելեց, որ այդ կապակցությամբ հատկապես կարեւոր է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Անեգբիի Հայաստան այցը։
«Ես մամուլին կոչ եմ անում այն գնահատել զուսպ, առանց կտրուկ հարձակումների։ Չնայած այդպես էլ եղավ: Ակնհայտ թշնամանք զգալի էր միայն որոշ հրապարակումներում, սակայն դա համընդհանուր չէր: Հասկանում եմ, որ բոլորը միաձայն կրկնում են՝ Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառում։ Բայց նրանք միշտ պատրաստ են եղել մեզ եւս վաճառել, եւ Անեգբին, այստեղ գտնվելով, կրկին հաստատեց դա։ Ամեն դեպքում, այդ հարաբերություններից պետք է քաղել այն ամենը, ինչ կարող է օգտակար լինել մեզ համար։ Իսրայելը եւս այդպես է վարվում»,- ասաց Նավասարդյանը։
Ըստ փորձագետի՝ այլ դաշինքների նկատմամբ Իսրայելի ուշադրությունը բացատրելի է նրանով, որ ԱՄՆ-ն ուժգնացնում է Սաուդյան Արաբիային ռազմական աջակցությունը, իսկ վերջինը Պարսից ծոցում յուրօրինակ «մինի-ՆԱՏՕ» է ստեղծում։ Եվ որքան էլ այդ դաշինքն ամերիկամետ լինի, միեւնույն է, դրա սայրերը չեն կարող չմատնանշել Իսրայելին։ «Թել Ավիվում դա հասկանում են եւ չեն ցանկանում հայտնվել «արաբների եւ Իրանի միջեւ բուտերբրոդում»։ Այստեղից էլ նոր ուղղություններով հարաբերություններն ամրապնդելու ցանկությունը»,- հավելեց Արման Նավասարդյանը։




























