Գեղարքունի մարզում ձերբակալված անձանց պահման վայրից հուլիսի 27-ին ՁՊՎ-ից փախուստի դիմած կալանավորը 30-ամյա Ահարոն Անտոնյանն է, որը մեղադրվում է ուրիշի գույքը հափշտակելու մեջ:
Նշենք, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համակարգելով այլ ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը օգոստոսի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևանի Օղակաձև զբոսայգում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման էին ենթարկել Ահարոն Անտոնյանին։
Ահարոն Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի՝ խոշոր չափերով գույք գաղտնի հափշտակելուն օժանդակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Գավառ քաղաքի բնակիչ Էմմանուել Աղասու Մելքոնյանի հետ՝ հանցագործությանն օժանդակել միջոցներ տրամադրելով եւ նախապես խոստանալով իրացնել գաղտնի հափշտակված առարկաները, 2016 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, իր «Օպել Աստրաե մակնիշի 34 ZM 741 հ/հ-ի տաքսի ավտոմեքենայով, Էմմանուել Մելքոնյանի հետ Երեւան քաղաքից գնացել են Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում գտնվող, նույն գյուղի բնակիչ Արամ Հայկի Մանուկյանին պատկանող «Էմմա Մանուկյանե ԱՁ-ի շինություն հանդիսացող խանութի մոտ, որտեղ Ահարոն Անտոնյանն ավտոմեքենան կայանել է խանութից շուրջ 50 մետր հեռավորության վրա, իսկ Էմմանուել Մելքոնյանն իջել է ավտոմեքենայից եւ մոտեցել խանութի մուտքի եվրոպական արտադրության դռանը, ֆիզիկական ուժի գործադրմամբ դուռը հրել, բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել խանութ եւ այնտեղից գաղտնի հափշտակել գույք:
Այսինքն Ահարոն Ռաֆիկի Անտոնյանին մեղսագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով՝ գողությունը:
Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից /ՁՊՎ/ կալանավորի փախուստի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Փաստի առթիվ ծառայության քննիչի որոշմամբ պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակից Ա. Մ.-ն:




























