Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատական առաջին նիստն այսօր` օգոստոսի 2-ին, հետաձգվեց:

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանը նախ ցավակվեց Ղուկասյանին հոր մահվան կապակցությամբ, ապա հայտարարեց, որ ամբաստանյալի պաշտպան Կարեն Մեժլումյանը Հանրապետությունում չէ: Դատարանը որոշեց նիստը հետաձգել: Հաջորդ նիստը կնշանակվի այն ժամանակ, երբ Հայաստան վերադառնա պաշտպանը:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը  2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Ղուկասյանը կալանքի տակ է: