Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետներն օգոստոսի 2-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Այցի շրջանակում նրանք առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի եւ Տիգրան Մանուկյանի հետ:
Վարդան Գերավետյանը, հացադուլով պայմանավորված, հրաժարվել է ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցը, իսկ Տիգրան Մանուկյանն առողջության հետ կապված գանգատներ չի ներկայացրել: Աշխատակազմի մասնագետներն ուսումնասիրել են նաեւ նրանց բժշկական փաստաթղթերը եւ պահման վայրի պայմանները:
Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները կապ են հաստատել նաեւ Վարդան Գերավետյանի պաշտպանի հետ:
Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է հատուկ սկզբունքներով եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է:




























