Սեւանա լճում ձկնպաշարի աճի դրական դինամիկա է նկատելի։ Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ձկնաբուծության ընդլայնմանն ուղղված ծրագիրը նպաստում է ձկնային պաշարների ավելացմանը, հատկապես՝ Սեւանի իշխանի։

«Չնայած Սեւանա լճում հիմնականում բուծվում են իշխանի սեռահասուն տեսակներ, սակայն մի փոքր խնդիր կա գետերում դրանց բազմացման հետ կապված՝ բնական ձվադրման միջոցով»,- հստակեցրեց կենսաբանական գիտությունների թեկնածուն։ Ղուկասյանը հավելեց, որ ձվադրման համար նախատեսված վայրերն անմխիթար վիճակում են։

Խոսելով Սեւանա լճում բնակվող մյուս ձկնատեսակների մասին՝ Ղուկասյանը հայտնեց, որ սիգի պոպուլյացիան մի փոքր ավելացել է։

«Կոմերցիոն ձկան ընդհանուր ծավալը հասել է 450 տոննայի։ Դրանից 1.5 տոննան Սեւանի իշխան է։ Շուրջ 100 տոնանն ծածան է։ Մնացյալը՝ հիմնականում սիգ»,- եզրափակեց Էվելինա Ղուկասյանը։