Վրաստանի նախկին նախագահ Միքայիլ Սահակաշվիլիի՝ Լեհաստան կատարած այցելության կապակցությամբ Վրաստանի դատախազությունը տարածել է հայտարարություն, հայտնում է «Նովոստի Վրաստանը»։

«Միխայիլ Սահակաշվիլիի՝ Լեհաստան կատարած այցելության կապակցությամբ, լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների հիման վրա Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Լեհաստանի իրավասու մարմիններին ու սկսվել են օրենքով նախատեսված բոլոր համապատասխան ընթացակարգերը»,- հայտնել է դատախազությունը։

Այսօր հայտնի է դարձել, որ Սահակաշվիլին Վարշավա է ժամանել։ Նա ելույթ է ունեցել Վարշավայի ապստամբության տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։ Նա խոսել է Վրաստանի ու Լեհաստանի համագործակցության, նաեւ Ուկրաինայի մասին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում գտնվող Միխայիլ Սահակաշվիլին հուլիսի 26-ին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով։

Սահակաշվիլին այս պահին չունի որեւէ երկրի քաղաքացիություն։ Նա հայտնել է, որ մինչեւ տարեվերջ կարող է օգտվել ԱՄՆ աշխատանքային վիզայից։

Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013-ին։