Հանրապետությունում վառելափայտի ապօրինի վաճառքի երկու դեպք է գրանցվել:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 22-ին և 23-ին վառելափայտով բարձված բեռնատար ավտոմեքենաներ են հայտնաբերվել Գյումրիի Գորկու և Գոգունցի փողոցների խաչմերուկում, Սպանդարյան գյուղի վերջնամասում: Մեքենաների վարորդները, սակայն, վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնաբերված փայտանյութի հետազոտումը ցույց է տվել, որ փայտանյութը հիմնականում հաճարենի տեսակի ծառից ստացված վառելափայտ է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տվյալ մեքենայի վարորդն զբաղվում է ապօրինի ձեռք  բերված վառելափայտի վաճառքով և հուլիսի 22-ին նշված մեքենայով Լոռու մարզի Դսեղ գյուղի իր ծանոթ բնակչի հետ եկել է Գյումրի՝ ապօրինի ձեռք բերված վառելափայտն իրացնելու նպատակով:

Մյուս դեպքով էլ պարզվել է, որ Վանաձորի բնակիչ Կ.Վ-ն Լոռու մարզի մոտակա անտառից ապօրինի հատել և իր անձնական օգտագործման «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է բարձել 8մ 3 կաղնի տեսակի վառելափայտ և տեղափոխել Շիրակի մարզի Արթիկի վարչական տարածք, որտեղ վառելափայտի մի մասը վաճառել է, իսկ մնացած մասը ոստիկանության կողմից հայտնաբերվել է մեքենայի ստուգման ժամանակ:

«Հայանտառ» ՊՈԱԿ Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված գրության համաձայն` նշված ավտոմեքենայով իրենց մոտից փայտանյութի դուրսգրում չի կատարվել: Հաշվարկվել է վերոնշյալ երկու իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի չափը:

Հաշվի առնելով այն գանգամանքը, որ նախապատրաստված նյութերում առկա են եղել առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը) 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր: