Վանաձորում այսօր՝ օգոստոսի 5-ին, 78-ամյա վանաձորցին չարաշահել է քնաբերն ու հայտնվել անգիտակից վիճակում:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 12:00-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի բնակիչ 78-ամյա Ժենյա Ս.-ն գտնվում է անգիտակից վիճակում: Դեպքի վայր մեկնած շտապօգնության աշխատակիցներին կնոջ հարազատներն ասել են, որ մեծ քանակությամբ դեղորայք է ընդունել: Կնոջը տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ դեղորայքային թունավորում ախտորոշումը հաստատվել է:

Անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կնոջն անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Բուժող բժիշկ Հովսեփ Հովհաննիսյանի խոսքով՝ կնոջ տարիքն ու առողջական վիճակը թույլ է տալիս ենթադրել, որ  կա նաև կյանքին սպառնացող վտանգ: Այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ կնոջ կյանքը փրկելու համար:

78-ամյա Ժ. Ս.-ի որդու կնոջ խոսքով՝ վերջինս պարբերաբար քնաբեր ու սիրտ-անոթային համակարգի աշխատանքը կարգավորող դեղամիջոցներ է ընդունել ու չի բացառվում, որ ուղղակի դեղամիջոցները խառնած ու շփոթմամբ քնաբերի մի քանի դեղահաբ խմած լինի: