Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում այս տարվա փետրվարի 26-ին 20-ամյա տաքսու վարորդի սպանության գործով նշանակված համալիր փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով մեղադրյալ Վարդան Հովսեփյանի պաշտպան Աշոտ Հովսեփյանը:

«Այժմ սպասում ենք այդ փորձաքննությունների պատասխաններին, որից հետո չի բացառվում, որ քննչական գործողություններ կլինեն»,- ասաց պաշտպանը:

Աշոտ Հովսեփյանը նշեց, որ իրենք բազմիցս դիմել են, որ դատահոգեբանական փորձաքննություն նշանակվի, սակայն նախաքննական մարմինը մերժում է:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2017թ. փետրվարի 26-ին Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ գյուղամիջյան ճանապարհին, հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 20-ամյա Կարլեն Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի  վայրի զննությամբ Թլիկ գյուղ տանող ճանապարհի մոտ՝ դիակի հայտնաբերման վայրից 400 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, իսկ մեքենայի կողքին՝ մեկ հատ դանակ:  Սպանությունը կատարելու կասկածանքով Թլիկ գյուղի մոտակայքից բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել Գյումրի քաղաքի 25-ամյա Վարդան Հովսեփյանը։

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է։