Սոչիի Կենտրոնական շրջանի հաշտարար դատարանը տեղի բնակիչ Վիկտոր Նոչեւնովին տուգանել է 50 հազար ռուբլով՝ «ՎԿոնտակտե» էջում Հիսուս Քրիստոսի պատկերով յոթ ծաղրանկարները վերահրապարակելու համար, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով փաստաբան Ալեքսանդր Պոպկովին։

Տղամարդուն մեղավոր են ճանաչել «հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու» մեջ։ Մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ դատարանը Նորեւնովի համար խափանման միջոց է ընտրել երկիրը չլքելու ու պատշաճ վարքագիծ դրսեւորելու մասին ստորագրությունը ։

Դատարանը վճռել է, որ 32-ամյա Վիկտոր Նոչեւնովը «վարքագծի կայացած սկզբունքների բացակայության, նաեւ ճիշտ ձեւավորված քննադատական ունակությունների բացակայության պատճառով ենթարկվել է այն մարդկանց ազդեցությանը, ովքեր ծայրաստիճան անհանդուրժողականություն են դրսեւորում քրիստոնյաների հանդեպ, ինչի հետեւանքով սկսել է հակադրվել ընդունված սոցիալական նորմերին ու արժեքներին, ագրեսիա դրսեւորել հավատացյալների վորենշյալ խմբի, նաեւ առհասարակ բոլոր հավատացյալների հանդեպ»։ 

Փաստաբանը հայտնել է, որ մեղադրյալն իր մեղավորությունը չի ընդունել, քանի որ որևէ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել։ Նրանք մտադիր են բողոքարկել դատավճիռը։