«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Ամուլսարի հանքի շահագործման նախագիծը:

Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մենք պարտավոր ենք առանձնահատուկ կարեւորությամբ գիտակցել մեր բնության արժեքների բացառիկ նշանակությունը։

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի հայրենի բնության կենսաբազմազանությանը եւ էկոհամակարգին: Այն կհանգեցնի էկոհամակարգի բազմաթիվ օրգանիզմների մահվան, օդի եւ ջրի աղտոտման: Կոչնչացվեն բույսերի եւ կենդանիների այնպիսի տեսակներ, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում եւ անդառնալի վնաս կհասցնեն մարդկանց առողջությանը:

Հանքի շահագործումը կվնասի ոչ միայն մոտակա բնակավայրերին, այլ նաեւ մեր քաղցրահամ եւ հանքային ջրերի կարեւորագույն պաշարներին՝ Սեւանա լճին, Ջերմուկին, Որոտան, Արփա եւ Դարբ գետերին, Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարներին։ Սա անընդունելի եւ մերժելի երեւույթ է: Այս իրավիճակում ոչ ոք բարոյական իրավունք չունի լռելու եւ այս հանքի շահագործումը աներկբայորեն պետք է արժանանա հանրության համընդհանուր դատապարտմանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը բացառում է նոր հանքերի շահագործման, Սեւանա լճից ջրի բաց թողնման ու կանաչ տարածքների հաշվին կառուցապատման ծրագրերը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վնասաբեր ծրագիրը եւ միանում «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության արշավին (www.change.org), որը տեղական եւ արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ միասին ստորագրահավաք է սկսել՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման եւ օֆշորային Lydian International ընկերության ֆինանսավորման դադարեցման պահանջով եւ կոչ է անում հանրային լայն շերտերին ակտիվ նախաձեռնությամբ միանալ խնդրի բարձրաձայնմանը եւ համատեղ ուժերով ապահովել էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայր»: