Հայաստանում 2017-ի հունվար-հունիսին կենսաթոշակների միջին մակարդակը գրեթե չի փոխվել։ Չնչին անկումը (0.3 տոկոսով) բացատրվում է կենսաթոշակառուների կոնտինգենտում տեղի ունեցած կառուցվածքային տեղաշարժերով: Մասնավորապես՝ մեկ հինգերորդ մասով (20․3 տոկոսով) կրճատվել է «տարիների ծառայության համար» կենսաթոշակառուների թիվը, որոնք ստանում էին համեմատաբար բարձր կենսաթոշակ։ Եվ այսպես՝ հաշվետու կիսամյակում այն գերազանցել է երկրի միջին ցուցանիշը գրեթե 1․9 անգամ։
Իսկ ընդհանուր առմամբ, միջին կենսաթոշակը մեր երկրում բավական ցածր մակարդակի վրա է՝ 40.3 հազար դրամից էլ պակաս, ինչը կազմում է մոտ 84 դոլար։ Այն Արեւմուտքի զարգացած երկրների հետ համեմատելն անիմաստ է, քանի որ տարբերությունը չափից մեծ է։ Դրա համար էլ համեմատությունները կանենք մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ։
Եվ այսպես, մեր երկրում միջին կենսաթոշակի հարաբերակցությունը միջին աշխատավարձի հետ կազմում է 22 տոկոսից էլ պակաս, իսկ Ռուսաստանում՝ 31 տոկոս։ Առաջին հայացքից տարբերությունը զգալի է։ Այստեղ, իհարկե, պետք է հաշվի առնել մեկ հանգամանք։
Հայաստանում անվանական աշխատավարձի մոտ մեկ քառորդը պահվում է եկամտահարկի մասով, որում «թաքնված են» պարտադիր սոցապահովագրության համար վճարները։ Իսկ Ռուսաստանում աշխատավարձերից պահվում է ընդամենը շահութահարկը (13 տոկոսի չափով), իսկ կենսաթոշակային վճարները գործատուներն են վճարում։ Եթե այդ վճարները գումարենք աշխատավարձին, ապա կենսաթոշակի ու աշխատավարձի միջեւ տարբերությունը կկրճատվի։ Բայց դրանից մեր կենսաթոշակառուների համար ուրախանալու առիթներ առանձնապես չեն ավելանա։
Եթե ռուսական կենսաթոշակը փոխադրենք ռուբլուց դրամի, ապա ակնհայտ կդառնա հսկայական տարբերությունը։ Հունվար-հունիսին Ռուսաստանում կենսաթոշակի միջին մեծությունը, դրամով արտահայտված, կազմել է 107.4 հազար դրամ ու գերազանցել մեր ցուցանիշը գրեթե 2.7 անգամ։ Բայց, հնարավոր է, կենսաթոշակառուների վճարունակության ցուցանիշով է տարբերությունն ավելի քիչ։ Ճշգրտության համար համեմատենք երկու կարեւորագույն սննդամթերքի ՝ հացի ու տավարի մսի գները։
Հայաստանում միջին կենսաթոշակով կարելի է գնել 92 կգ-ից էլ քիչ բարձրակարգ հաց, իսկ Ռուսաստանում՝ ավելի քան 190 կգ։ Այսինքն՝ ավելի քան երկու անգամ շատ։ Տավարի մսի հարցում տարբերությունն ավելի զգալի է։ Միջին ռուս կենսաթոշակառուն կարող է իր կենսաթոշակով գնել 41 կգ տավարի միս, իսկ հայ կենսաթոշակառուն՝ գրեթե 2.6 անգամ քիչ՝ 16 կգ։
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը խորհուրդ է տալիս որպես կորցված աշխատավարձը կենսաթոշակով փոխարինելու գործակից կիրառել առնվազն 40 տոկոսը։ Բայց շատ ավելի կարեւոր է կենսաթոշակի գնողունակությունը, այլ ոչ թե այդ գործակիցը։ Օրինակ՝ Հայաստանում 2000-ին միջին աշխատավարձը կազմել է ընդամենը 21 հազար դրամ, այսինքն՝ այժմյան միջին կենսաթոշակից կրկնակի քիչ։
Մեր երկրում ցածր կենսաթոշակների պատճառները հայտնի են բոլորին։ Նախ՝ աշխատողների (ում աշխատավարձից պահվում են սոցիալական ապահովագրության վճարները) ու կենսաթոշակառուների թվի անբարենպաստ հարաբերակցությունը։ Երկրորդ` բուն աշխատավարձի ցածր մակարդակը։ Երրորդ՝ կա «սեւ» աշխատավարձ, որի նպատակը հենց նախատեսվածից ավելի քիչ գումարի հարկեր վճարելն է։
Սմբատ Գրիգորյան




























