Թբիլիսիի միջազգային օդանավակայանը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի. բոլոր չվերթներն իրականացվում են առանց ուշացման: Այս մասին ասված է օդանավակայանի օպերատոր TAV Georgia ընկերության հայտարարությունում, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Մայրաքաղաքային օդանավակայանի աշխատանքը կաթվածահար էր եղել ուղեւորների եւ ուղեբեռի էլեկտրոնային գրանցման համակարգի խափանման պատճառով: Խնդիրների արդյունքում մի քանի ժամ ուշացումով են իրականացվել դեպի Ստամբուլ, Անթալիա, Մյունխեն, Աթենք, Վարշավա, Կիեւ, Դուբայ եւ Շարժա թռիչքները:

TAV Georgia-ում հաղորդել են, որ խնդրի լուծման համար կապվել են օդային փոխադրումների ոլորտի ՏՏ ծառայություններ մատուցող SITA միջազգային ընկերության հետ: