Երեւանի քաղաքապետարանում հրավիրված քննարկման ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ներկայացվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ, ինչպես նաեւ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագրերի իրանացման ընթացքը:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Վեոլիա ջուր» ընկերության եւ կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները:
Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, խոսելով ծրագրի ընթացքի մասին, մասնավորապես անդրադարձել է համապատասխան պայմանագրով սահմանված ժամկետների պահպանմանն ու աշխատանքների որակին:
«Վերջին շրջանում մեր համաքաղաքացիների կողմից պարբերաբար դժգոհություններ ենք ստանում շինարարական աշխատանքների հետեւանքով պատճառվող անհարմարությունների մասին: Ծրագրի իրականացումն, իհարկե, շատ կարեւոր է մեր քաղաքի համար, սակայն միաժամանակ պետք է աշխատանքներն այնպես կազմակերպել, որ հնարավորին քիչ եւ կարճատեւ լինեն բնակչությանը պատճառվող անհարմարությունները: Այս ուղղությամբ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, շինարարության եւ բարեկարգման վարչությունների կողմից վերահսկողություն կիրականացվի փողոցների երթեւեկելի հատվածներում շինարարական, այդ թվում ասֆալտապատման աշխատանքները սեղմ ժամկետում ավարտելու նպատակով: Այս առումով առաջնահերթորեն պետք է ավարտել կրթական հաստատությունների հարակից տարածքներում տարվող աշխատանքները»,-ընդգծել է Կամո Արեյանը:
Նշենք, որ ՎԶԵԲ-ի աջակցությամբ վարկային ծրագրով մայրաքաղաքի մասնավոր տնատիրություններում իրականացվում է անհատական ջրաչափական հանգույցների կառուցում: Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկված է 121 փողոց, որից 95-ում աշխատանքները կավարտվեն 2017 թվականին, իսկ 26-ում՝ 2018-ին:
«Վեոլիա ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրով էլ մինչեւ տարեվերջ կավարտվի Երեւանի 27 փողոցների ջրագծերի եւ ջրամատակարարման բաշխիչ ցանցերի բարելավումը:




























