«Սասնա ծռեր» խմբի անդամ հովհաննես Հարությունյանի գործով ՄԻԵԴ-ը երկու  հարց է  ուղղել  Հայաստանի կառավարությանը՝ նրա առողջական վիճակի  վերաբերյալ։ NEWS.am-ի հետ զրույցւոմ նրա շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը նշեց, որ հարցերը վերաբերում են՝ 2016թ հուլիսի 26-ին  ՊՊԾ գնդում վիրավորված  Հովհաննես Հարությունյանը, որի ոտքում բեկորի 18 մասնիկ կա, ինչպիսի՞ բուժում է ստանում՝ ոտքի վիճակի հետ  կապված, եթե իհարկե այդպիսի բուժում իրականացվում է եւ երկրորդ պահանջվել է բժշկական խմբի կազմը, ինչպես նաեւ պահանջվել է 2017 ապրիլի 12-ին կազմված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, ինչի հիման վրա նա պետք է բուժում ստանար:

Հայարփի Սարգսյանը նշեց, որ առողջական խնդիրներով պայմանավորված՝  «Սասնա ծռերի» գործով դատական նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը  Հովհաննես Հարությունյանին  թույլ էր տվել ոտքի չկանգնել:  Քանի  որ  գործով անցնող մյուս 15 ամբաստանյալները հեռացված են դահլիճից ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրեւորելու՝ ոտքի չկանգնելու համար, Հովհաննես Հարությունյանը  օգոստոսի 3-ին հրաժարվել էր մասնակցել դատավարությանը։ Երբ  նա ցանկանում էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել  դատավոր Արտուշ Գաբրիելյանին, նա արգելեց եւ ուղեկցող ոստիկաններին կարգադրեց Հովհաննեսին հեռացնել դահլիճից, ոստիկաններն էլ նրան հրելով են հեռացրել դահլիճից: Այս միիջադեպի մասին պաշտպանը եւս տեղեկացրել է  ՄԻԵԴ. «Քանի որ ՄԻԵԴ 3-րդ հոդվածով է քննվում Հովհաննես Հարությունյանի գործը,  եւ դատարանը պարբերաբար ինձանից տեղեկատվությունն է պահանջում քայլերի վերաբերյալ, այդ իսկ պատճառով դա որպես հաղորդում հանցագործության մասին ուղարկեցի հենց ՄԻԵԴ»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը  ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: