Հարավային Կովկասն ԱՄՆ-ի հետաքրքրությունների շրջանակում է, սակայն Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտարարելը տարածաշրջանի վրա լուրջ ազդեցություն չի ունենա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Անուշ Սեդրակյանը։
Փորձագետի խոսքով՝ Թրանփը քարոզում է չմիջամտելու քաղաքականությունը եւ ընդհանուր առմամբ հովանավորման համակարգը։
«Սակայն նույնիսկ չմիջամտելու պարագայում Հարավային Կովկասում արեւմտյան ներկայությունը բավականին զգալի է»,-նշեց Սեդրակյանը։
Դրա հետ մեկտեղ քաղաքագետը կարծում է, որ տվյալ տարածաշրջանում կառուցողական միջամտությունն անհրաժեշտ է եւ պետք է ողջունելի լինի, քանի որ այն նպաստում է տարածաշրջանի զարգացմանը։
«Օրինակ՝ վերջին առաջընթացները հօգուտ արեւային էներգետիկայի զարգացման եւ շատ այլ բաների։ Պակաս կարեւոր չէ նաեւ Իրանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը, քանի որ դա նպաստում է հարեւան երկրների հետ ակտիվ էներգետիկ կապերի ընդլայնմանը»,- հստակեցրեց փորձագետը։



























