Արտաքին դաշտում բոլոր հաջողությունները պայմանավորված են ներքին հզորությամբ, եւ որեւէ երկիր չի կարող արտաքին դաշտում ունենալ առաջընթաց, եթե ներսում խնդիրներ ունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 6-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս պետք է Հայաստանը սկսի ԼՂ անկախության գործընթացը:

«Դուք բարձրացնում եք ԼՂ անկախության ճանաչման հարցը եւ դա համարում եք առաջնահերթ: Ես այդպես չեմ համարում: Ես համարում եմ, որ մենք կշարունակենք նահանջներ արձանագրել դրսում, կշարունակենք «պոստ-ֆակտում» ծանոթանալ այնպիսի վտանգավոր փաստաթղթերի, ինչպիսին կասպյան հռչակագիրն է, կամ՝ «պոստ-ֆակտում» իմանալ, որ հայկական կողմը համաձայնել է, որ փաստահավաք խումբ այցելի ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Իսկ դրա պատճառը ներքին խնդիրներն են, այն, որ Հայաստանում դեռեւս կան քաղբանտարկյալներ, որ դեռեւս չի հաղթահարված քաղաքական ճգնաժամը, որ արդար ընտրություններ չեն անցկացվել»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ բոլոր նրանց, ովքեր որոշումներ են կայացնում, ներկայումս պետք է մտահոգի երկրի ներքին համերաշխության հարցը, այլ ոչ թե «Ժառանգություն»-ՀՀԿ ընդհատակյա բանակցությունները՝ ԼՂ անկախության ճանաչման օրինագիծն ընդունելու ուղղությամբ:  «Չեմ կարծում, որ Հայաստանի համար թիվ մեկ մարտահրավերը ԼՂ անկախության ճանաչան օրինագիծն ընդունելն է»,-նշեց Կարապետյանը: