Մոտ 20 հազար քաղաքացի դրական կարծիք է հայտնել Ժողովրդական հեռուստատեսություն ստեղծելու գաղափարին եւ խորհրդանշական գումար փոխանցել: Նախնական տվյալներով` ստացված գումարը կազմում է մոտ 3.5 միլիոն դրամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ա1+»-ին սատարող Ժողովրդական հեռուստատեսության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա նշեց, որ դրամահավաքն իրականացվելու է մինչեւ այս տարվա վերջը:
Բորիս Նավասարդյանը` խոսելով Ժողովրդական հեռուստատեսություն ձեւավորելու գաղափարի մասին՝ նշեց, որ Հայաստանի հեռուստալսարանն այդքան էլ գոհ չէ իրեն մատուցվող հեռուստատեսային արտադրանքից, իսկ հեռուստաեթերը շարժվում է մի ճանապարհով ոչ միայն քաղաքական, այլ նաեւ զուտ բովանդակության առումով:
Նրա խոսքով՝ հասարակությունը այդքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ պետք է ակնկալի հեռուստատեսությունից, մանավանդ, որ Հայաստանի մարզերում հեռուստատեսությունը շատերի համար տեղեկատվության միակ աղբուրն է: Ըստ Նավասարդյանի՝ այստեղից էլ ծնվել է Ժողովրդական հեռուստատեսություն ստեղծելու գաղափարը, որը կարող է նաեւ զբաղեցնել «Ա1+»-ի եթերի մի մասը:
Նշելով, որ բազմաթիվ երկրներում քաղաքացիները վճարում են հանրային հեռուստատեսություն ունենալու համար` Նավասարդյանն ընդգծեց. «Եթե, իրոք, ժողովուրդն ու հասարակությունը ցանկանում է ունենալ այն, ինչ ինքն այսօր չունի, պետք է պատրաստ լինի ինչ-որ ձեւով աջակցել այդ կարգի հեռուստատեսությանը»:
Խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանն էլ ասաց, որ «որոշում կայացնողները հաճախականությունը կտրամարդրեն այն հեռուստաալիքին, որը հնարավորություն ունի այդ ալիքը իսկապես դարձնել իսկապես ժողովրդական»:
«Կհաղթի «Ա1+»-ը, թե` ոչ, դա ազդեցություն չի ունենա գործընթացի վրա, որովհետեւ «Ա1+»-ն այսօր էլ եթերում է ինտերնետ-հեռարձակմամբ մեջ: Սակայն ես համարում եմ, որ ժամանակից շուտ է հրաժարվել եթերից, հաճախությունից, եւ մեր պայքարը շարունակվում է: Ես լուրջ հույսեր ունեմ, որ հաղթելու ենք եւ այս պատվերն արդեն կլինի եթերում»,-ասաց Մովսեսյանը:



























