Այս տարվա փետրվարին Պաշտպանության նախարարության տարածք Արմեն Եփրեմյանի՝ ներխուժելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:
Հիշեցնենք, որ Արմեն Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝) եւ 327-րդ հոդվածի 6-րդ մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը):
Մեր տեղեկություններով` Արմեն Եփրեմյանը ցանկացել էր ծառայությունն իրականացնողներին ծխախոտ հյուրասիրել եւ պատահմամբ հարվածել է նախարարության դարպասներին: Եփրեմյանն ազատամարտիկ է, որպես կամավորական մասնակցել է նաեւ ապրիլյան պատերազմին:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 23-ին ժամը 00:20-ին Երեւանի բնակիչ Ա.Եփրեմյանը, գտնվելով անսթափ վիճակում, իր անձնական «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի թիվ 2 մուտքի դարպասներին եւ ավտոմեքենայով՝ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ներխուժել ՀՀ ՊՆ տարածք:
Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոնեքենայի ուղղությամբ, որի արդյունքում քաղաքացի Ա.Եփրեմյանը չի տուժել:


























