ԱՄՆ-ն նախկինի պես Հարավային Կովկասի վերաբերյալ հստակ քաղաքականություն չունի, եւ նախագահի պաշտոնում Թրամփի լինելը հազիվ թե սա փոխի: Այս մասին նշված է Chatham House բրիտանական վերլուծական կենտրոնի կրտսեր աշխատակից Անահիտ Շիրինյանի հոդվածում:
Վերլուծաբանի կարծիքով՝ Երեւանի, Թբիլիսիի եւ Բաքվի հետ Վաշինգտոնի հարաբերությունները, ավելի շուտ, կմնան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունների ավելի լայն դինամիկայի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի իրադարձությունների ազդեցության ներքո: «Այս համատեքստում որոշ պոտենցիալ ստորգետնյա քարեր կարող են ազդել Հայաստանի շուրջ ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրի վրա ՝ երկրի արտաքին քաղաքականության համար հետեւանքներ ունենալով»,- կարծում է նա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների հետագա վատթարացումը նախկինի նման սահմանափակում է Հայաստանի մանեւրելու տարածքը: Կախված պատժամիջոցների, նավթի գների եւ անհաջող բարեփոխումների հետեւանքով Ռուսաստանի տնտեսության թուլացման չափից՝ Հայաստանի տնտեսական ցուցանիշները նվազ կլինեն: Միեւնույն ժամանակ, Իրանի հարցում Թրամփի դիրքորոշումը եւս Հայաստանին ձեռնտու չէ:
Վերլուծաբանը նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է համարել ԱՄՆ-ի նկատելի մասնակցությունը տարածաշրջանի գործերին: «Հիմա Վաշինգտոնը կարող է փորձել տարածաշրջանում ակտիվանալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում մեծ դեր ստանձնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: ԱՄՆ-ի մեծացված դերը կնվազեցներ պատերազմի հավանականությունը եւ կհավասարակշռեր Մոսկվայի ներկայիս ջանքերը: Երեւանը պետք է Վաշինգտոնի հետ խորհրդատվություն սկսի, որ համոզվի՝ եթե եւ երբ ԱՄՆ-ն սկսի մասնակցել, նրա դերը համաչափ կլինի Մոսկվայի մասնակցությանը եւ հավասարակշռված Երեւանի ու Բաքվի նկատմամբ»,- կարծում է Անահիտ Շիրինյանը:
Վերլուծաբանը նշում է, թե պարտադիր չէ, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարության բացակայությունը եւ արտաքին քաղաքականության անորոշությունն ընդհանուր առմամբ Երեւանի համար վատ երեւույթ լինի, քանի որ Հայաստանին Վաշինգտոնի հետ մարտավարական համագործակցության զարգացման գործում նախաձեռնություն հանդես բերելու հնարավորություն է տալիս: Այսպես, օրինակ, 2015 թվականին առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր է ստորագրվել: Դրանից բացի, վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսել է Հայաստանում էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման համար 8 մլրդ դոլար ներդնելու հնարավորության մասին, որը կարող է «յուրահատուկ դեր ունենալ Հայաստանի էներգետիկայի դիվերսիֆիկացման եւ անկախացման համար, էներգետիկայի ոլորտում Իրանի եւ Վրաստանի հետ համագործակցելու համար, ինչպես նաեւ ընդհանրապես Հայաստանի տարածաշրջանային դիրքի համար»:
Վերլուծաբանի կարծիքով՝ գնդակը Հայաստանի դաշտում է, եւ հատկապես Երեւանը պետք է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնի:



























