Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ։ Տարոն Մարգարյանին՝ անդրադառնալով Աննա Ստեփանյանին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պաշտոնում նշանակմանը:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Պարոն քաղաքապետ, Ձեր ենթակաների համար շատ վատ օրինակ եք ծառայում

Հարգելի պարոն Մարգարյան,

Ստորեւ գրված տեքստն արտատպել եմ Երեւանի պաշտոնական կայքից.

«07.06.2017 Աննա Ստեփանյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ

Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը»:

Փորձել եմ գտնել Ձեր այդ կարգադրությունը, սակայն, ապշած եմ, մայիս, հունիս ամիսների Ձեր կարգադրություններում այն պարզապես գոյություն չունի: Ամեն հիմք ունեմ կասկածելու, որ այդ կարգադրությունն ուղղակի չկա:

Ստացվում է, որ Աննա Ստեփանյանն առանց Ձեր կարգադրությա՞ն է նշանակվել, իսկ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունն ի՞նչ իրավական փաստաթղթի հիման վրա է տարածել այդ տեղեկությունը:

Ավելին, եթե անգամ կա, ապա Դուք չէիք կարող այդ կարգադրության համար հիմք ընդունել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, որովհետեւ այն կիրառվում է միայն Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալիս (հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչեւ համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը):

Ստույգ գիտենք, որ տիկին Սողոմոնյանն իր դիմումի համաձայն է ազատվել այդ պաշտոնից, այսինքն այդ պաշտոնը ժամանակավոր չէր թափուր մնացել, հետեւաբար Դուք չէիք կարող Ձեր չգրված կարգադրությամբ այդ պաշտոնին, առանց մրցույթի նշանակել որեւէ մեկին:

 «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ «համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով»: «Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի»:

Մինչ օրս մրցույթի մասին հայտարարություն չկա, մրցույթը չի կայացել, կնշանակի Դուք չէիք կարող որեւէ մեկին նշանակել այդ պաշտոնում:

Ստացվում է, որ Աննա Ստեփանյանն այդ պաշտոնում նշանակվել է օրենքի խախտումներով՝ նախ կարգադրությունը չկա կայքում, երկրորդ՝ նշանակման հիմնավորումը օրենքի խախտմամբ է եղել, իսկ նման դեպքերում «Վարչարարության մասին» ՀՀ օրենքն ասում է.

Հոդված 63. Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելը

1. Անվավեր է առ ոչինչ չհամարվող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով:

Այսինքն, խախտումով նշանակված վերոնշյալ պաշտոնյայի անցած երկու ամսվա որոշումներն ու ստորագրությունները չեն կարող ուժի մեջ լինել:

Խնդրում եմ պարզաբանել այս անօրինականությունը, որը շատ տարածված երեւույթ է նաեւ Ձեր ենթակայության դպրոցներում, շատ վատ օրինակ եք ծառայում:

Շնորհակալություն համագործակցության համար»: