Պետք չէ հսկայական նշանակություն տալ Սարգսյան-Պուտին հերթական հանդիպմանը: Օգոստոսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ օգոստոսի 23-ի այցը Սոչի հերթական աշխատանքային հանդիպումն էր: Բնականաբար, պետք չէ նվազեցնել դրա կարեւորությունը, բայց Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները տասնյակ անգամներ են հանդիպել, եւ պետք չէ հերթական անգամ գուշակություն անել, արդյո՞ք պետք է առաջընթաց ակնկալել:

Սարգսյանն ու Պուտինը քննարկման բազմաթիվ նոր թեմաներ ունեն, ընդ որում՝ ոչ միայն Արցախի հարցով: Իսկանդարյանի խոսքով՝ քննարկման կարիք կա Իրանի հարցով, որտեղ, նախ, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները քիչ կանխատեսելի են, երկրորդ՝ զարգանում են ԵՏՄ-ի հետ Թեհրանի հարաբերությունները: Իսկ այստեղ Հայաստանը, հասկանալի պատճառներով, կարող է միջնորդի դեր ստանձնել:

«Իսկ Լեռնային Ղարաբաղի շուրջ գործընթացում փոփոխություններ տեղի չեն ունենում եւ ներկա իրավիճակում չեն կարող տեղի ունենալ»,- նկատեց Ալեքսանդր Իսկանդարյանը: