Մաքսատան վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-հունիսին Հայաստանի ներմուծման ծավալն աճել է 357,4 մլն-ով կամ գրեթե մեկ քառորդով (24,4 տոկոսով): Համեմատաբար մեծ աճ է գրանցել դեղերի ներմուծումը (62,1 մլն դոլար), այնուհետեւ՝ բնական գազի (28,2 մլն դոլար):
Մեր ներմուծման ավելի քան մեկ տասներորդ մասը (հաշվետու հունվար-հունիսին 10,5 տոկոս) բաժին է ընկնում բնական գազին: Սակայն այս ցուցանիշի մեջ է մտնում նաեւ իրանական գազը, որը մատակարարվում է դրանից արտադրվող էլեկտրականության դիմաց: Իսկ զուտ ռուսական բնական գազի բաժինը կազմում է 9,0 տոկոս, այսինքն՝ գրեթե նույն տասներորդ մասը:
Հունվար-հունիսին ռուսական բնական գազի մատակարարումներն աճել են մեկ երրորդով (33,0 տոկոսով): Ըստ որում՝ մեկ տարում մաքսային գինը 10 տոկոսով նվազել է՝ հաշվետու կիսամյակում կազմելով 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլար:
Պետք է ենթադրել, որ ռուսական բնական գազի ծախսի աճին հանգեցնող գործոններից մեկը Հայաստանում ցուրտ ձմեռն էր: Այսպես՝ մայրաքաղաքում օդի միջին ջերմաստիճանը նորմայից ցածր էր՝ հունվարին 5,1-6,6 աստիճանով, փետրվարին՝ 7,8-5,6 աստիճանով: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նույն ամիսներին հակառակ պատկերն է գրանցվել՝ միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր:
Ինչպես հայտնի է, մեր տնտեսվարողների մի մասը բնակարանների ջեռուցման համար գազային կաթսաներ է օգտագործում կամ վառարան: Հունվար-փետրվարին բնակչությանը բնական գազի մատակարարումը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 157,9 մլն խոր.մետրով (կամ 1,4 անգամ): Այս փաստը կարելի է կապել հենց ցուրտ ձմռան հետ, քանի որ բնակչության բնակարանների գազաֆիկացման գործընթացը շոշափելիորեն դանդաղել է: Այսպես՝ անցյալ տարի գազաֆիկացված շենքերի թիվը (բնակարաններ եւ առանձնատներ) ավելացել է ոչ պակաս, քան 1,3 տոկոսով:
Սակայն բնական գազի մատակարարման աճը պայմանավորված չէ միայն ձմռանը շենքերի ջեռուցման համար օգտագործմամբ: Այս նպատակների համար նաեւ էլեկտրաէներգիա է ծախսվում, այդ թվում՝ նաեւ ջերմաէլեկտրակայաններում արտադրվող: Հունվար-փետրվարին էներգետիկային մատակարարվել է 61,4 մլն խոր.մետր (կամ գրեթե 2 անգամ) ավելի բնական գազ, քան մեկ տարի առաջ:
Նշենք, որ իրանական գազի մատակարարումները նույն հունվար-փետրվարին 1,8 մլն խոր.մետրով (կամ 2,9 տոկոսով) կրճատվել են: Ուստի էներգետիկայում գազի ծախսի կտրուկ ցատկը կապված էր մեր երկրում հատկապես էլեկտրաէներգիայի սպառման աճի հետ:
Սմբատ Գրիգորյան

























