Ռուսաստանն ԱՄՆ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում բարդություններ չի ստեղծի։ ՌԴ-ի կողմից հայելային գործողություններ չեն լինի, եթե ԱՄՆ-ն չբարդացնի դեսպանատների եւ հյուպատոսությունների աշխատանքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք այնպիսի բաներ չենք անի, որոնք կբարդացնեն ԱՄՆ-ում մեր հայրենակիցների կյանքը։ Նրանք քիչ չեն, եւ մենք ցանկանում ենք, որ ամերիկացիների՝ Ռուսաստան ուղեւորություններն անցնեն նվազագույն բարդություններով։ Այդ պատճառով վիզաներ տրամադրելու հարցում խստացման կամ բարդություններ ստեղծելու ուղի մենք չենք որդեգրել։ Տվյալ պարագայում այդ ոլորտում ԱՄՆ-ի քաղաքականությունը մեզ համար հայելային միջոցառումներ սահմանելու պատճառ չէ։ Արեւմտյան մամուլն Աստծո պարգեւը շփոթում է ձվածեղի հետ, բայց դա արեւմտյան մամուլի խնդիրն է։ Իսկ մենք առաջնորդվում ենք նախ այն գիտակցությամբ, թե ի՞նչն է մեզ ձեռնտու եւ ինչ է մեզ պետք, երկրորդ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ոչինչ մեր նախաձեռնությամբ չխարխլելու անհրաժեշտությամբ»,-ասել է Ռյաբկովը։
«Իսկ եթե ամերիկացիները բարդացնեն ԱՄՆ-ում մեր դեսպանատների եւ հյուպատոսությունների աշխատանքները, հնարավոր է նաեւ որ պատասխան միջոցառումների հարցը, ներառյալ՝ հայելային, կծառանա մեր առջեւ»,-հավելել է նա։



























