«Նաիրիտ» գործարանում հրդեհը բռնկվել է անտարբերության արդյունքում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը՝ անդրադառնալով գործարանում օգոստոսի 28-ին բռնկված հրդեհին:

«Պատճառն անտարբերությունն է, եթե գործարանում լինեին աշխատողներ, եթե «Նաիրիտն» աշխատեր, նման բան չէր պատահի: Բավականաչափ աշխատուժ եւ վերահսկողություն կլիներ եւ թույլ չէին տա, որպեսզի գործարանում հրդեհ բռնկվի»,-ասաց նա:

Կարինե Շահվերդյանը նշեց, որ գործարանում բռնկված հրդեհը չէր կարող այնքան վնաս հասցնել «Նաիրիտին», որը կխանգարի վերագործարկմանը. «Բոլորը շատ բարկացած են եւ պահանջում են, որպեսզի ներդրողների հետ կապված քայլերն արագացնեն եւ այսպիսի դեպքեր չգրանցվեն գործարանում: Սա այն դեպքը չէ, որ խանգարի նոր ներդողներ բերել, այնքան վնաս չի հասցրել, որ խանգարի վերագործարկմանը, կամ ներդրողներ բերելուն»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում: «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվել է էթինոլ լաք նյութը: Մասնագետների պնդմամբ, էթինոլը վտանգավոր չէ քաղաքացիների առողջության համար: