Ապօրինի խուզարկությունների դեմ ոչ Դատական դեպարտամենտը, ոչ Փաստաբանների պալատը ոչինչ չձեռնարկեցին՝ դրանք վերացնելու համար, ինչի պատճառով մենք որոշեցինք գործադուլ հայտարարել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Խնդիրներն առաջացել են մինչեւ այս դատավարությունների մեկնարկը. քրեակատարողական հիմնարկներում հաճախակի են դարձել խուզարկություններն ու մեր պաշտպանյալների հետ առանձնազրույցներին որեւէ կերպ միջամտությունները: Ամիսներ շարունակ այս մասին բարձրաձայնել ենք եւ որեւէ պատկան մարմին դրան լուծում չի տվել: Փաստաբանների պալաան էլ նույնիսկ կիսալուծում հարցին չի տվել, ավելին, նրանց հայտարարություններն ավել խորացրին իրավիճակը: Սեպտեմբերի 13-ին գործադուլ հայտարարելը բողոքի ձեւ է, որը մենք ընտրեցինք, ամենեւին էլ մեր ցանկացածը չէր այս տարբերակը, բայց այլ լուծում չկա»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ ընդգծեց, որ խուզարկություններն արվում են միայն «Սասնա ծռերի» եւ Սեֆիլյանի ու մյուսների գործով դատավարություններին:

«Շատ կարեւոր մեսիջ է, որ փաստաբանական համայնքի ոչ անտարբեր մասը համերաշխ է, խնդիր է տեսնում եւ բարձրաձայնում է այդ մասին: Փաստաբանների նկատմամբ աննախադեպ հետապնդումներ են տեղի ունենում եւ այդ գործընթացին ներգրավված են պետական տարբեր մարմիններ՝ Դատական դեպարտամենտ, ՔԿՀ-ներ, ոստիկանություն, դատարան, դատախազություն: Փաստաբանների նկատմամբ հետապնդումներին ներգրավված է նաեւ Փաստաբանների պալատի նախագահը: ՓՊ նախագահի եւ խորհրդի կրավորական կեցվածքն է, որ հանգեցրեց այս ամենին: Ի՞նչ էր անում Փաստաբանների պալատի նախագահը: Նա համատեղ հայտարարություն է ընդունում Դատական դեպարտամենտի հետ: ՓՊ նախագահի այդ քայլերն ուղղված էին հետապնդման ենթարկվող փաստաբանների դեմ»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:

Շուշանյանը չբացառեց, որ փաստաբանների նկատմամբ նոր ճնշումների փորձեր կլինեն, ընդհուպ մինչեւ ֆիզիկական հաշվեհարդար. «Թող Պալատի նախագահն իմանա՝ եթե վաղը մյուս օրը նման բան լինի, պատասխանատուն ինքն է, որովհետեւ պետական մարմինների պատվեր է կատարում»:

Նշենք, որ քաղաքական գործերով դատավարություններին, ըստ շատ փաստաբանների, դատական կարգադրիչները փորձում են խուզարկել իրենց, ինչն անթույլատրելի է: Դատական դեպարտամենտի առարկությունը, թե սա ոչ թե խուզարկություն է, այլ զննություն, շատ փաստաբաններ չեն ընդունում. նրանք պնդում են, որ իրենց խուզարկում են:

«Փաստաբանության մասին օրենքում նշված է, որ փաստաբանը չի կարող խուզարկվել եւ պաշտպանյալների վերաբերյալ իրերն անձեռնմխելի են, Դատական օրենսգրքում գրված է, որ կարգադրիչը կարող է զննության ենթարկել, բայց ոչ մի տեղ գրված չէ, որ փաստաբանին կարող են զննության ենթարկել, կամ դատավորին, կամ դատախազին: Հետեւաբար, մեծ հարցականի տակ է՝ զննության իրավունք կա՞, թե՞ ոչ: Փաստաբանը չպետք է զննության ենթարկվի»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ փաստաբանները սեպտեմբերի 13-ին բողոքի ակցիա են անելու: Գործադուլին միանալու համաձայնություն է տվել ավելի քան 150 փաստաբան: