«NOPRIZ»՝ (Ռուսաստանի նախագծողների եւ հետազոտողների ազգային միավորում) մրցույթի պատասխանատուները հերթական անգամ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի միջոցով հայաստանյան նախագծային եւ շինարարական հաստատություններին առաջարկում են մասնակցել ՌԴ-ում ժողովրդականություն վայելող այդ մրցույթին:
Կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին ուղղված նամակում «NOPRIZ»-ի պատասխանատուները հայտնում են, որ մրցույթին հրավիրված են եւ մասնակցելու են ոլորտային բուհերի, նախագծահետազոտական եւ շինարարական կազմակերպությունների, ստեղծագործական մտավորականության եւ լայն հասարակայնության ներկայացուցիչները:
Ի տեղեկություն հայտնենք, որ մասնակիցների կողմից մրցույթին ներկայացվող նախագծերը /հայեցակարգեր/ստեղծված պիտի լինեն նախորդ 5 տարիների ընթացքում :
Համաձայն կազմակերպիչների՝ հատկապես ողջունելի են այն նախագծերը, որոնց ստեղծմանը մասնակցել են եւ ներգրավված են եղել երիտասարդ մասնագետները, ոլորտային բուհերի ուսանողներն ու ասպիրանտները:
Շուրջ 16 անվանակարգային մրցանակներ շնորհող «NOPRIZ» մրցույթին մասնակցությունն անվճար է: 2017 թ. լավագույն նախագծի համար «NOPRIZ»-մասնագիտական մրցույթում հաղթածներին պարգեւատրելու հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 29-ին Մոսկվայում: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ մինչեւ 2017 թ. նոյեմբերի 2-ը ներառյալ:




























