Այդ հսկայական ծխի ամպը, որ տեսնում ենք «Նաիրիտի» հրդեհից հետո, փոշին է, քամու հետեւանքով դեպի մթնոլորտ է բարձրացել, իսկ էթինոլ լաքի այրումից բնակչությանը վտանգ չի սպառնում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքով, էթինոլ նյութը բռնկվելու դեպքում այրվում է մինչեւ վերջ, իսկ այրումը դադարեցնելը շատ դժվար գործընթաց է. «Վերջնական պրոդուկտներն ածխաթթուն է եւ ջուրը: Հրդեհի ժամանակ որեւէ թունավոր նյութ, որ կարող է ազդեցություն ունենալ մեր բնակչության առողջության վրա չի եղել: Համապատասխան ծառայություններից պարզել ենք, որ հրդեհի, ծխի հետեւանքով ոչ մի գանգատ, դիմող չի եղել հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, մասնագիտացված հաստատություններ: Ընդամենը 2 հրշեջ է ծխահարվել օջախին շատ մոտիկ լինելու պատճառով, հավանաբար ածխաթթու գազի բարձր կոնցենտրացիայի պատճառով թունավորում է առաջացել, տեղափոխվել են հիվանդանոց: Դրանից բացի բնկակչության որեւէ գանգատ պոլիկլինիկաներ ու շտապօգնության ծառայություններ, չի եղել»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք չկա՞ր բնակչության տարհանման խնդիր, նաեւ ինչու է բնակչությանը խորհուրդ տրվել փակել պատուհանները, նա արձագանքելն է, որ տարհանման խնդիր բացարձակապես չկա, բացառվում է, անգամ այդպիսի միտք չի առաջացել. «Լուսամուտները փակելու մեր հորդորը, հնարավորինս քիչ շփում ունենալ ծխի եւ դրա արդյունքի հետ, բնական է: Սա առավել շատ վերաբերում է այն մարդկանց, որոնք ունեն շնչառական, թոքային, ասթմատիկ հիվանդություններ: Բնական է, երբ տեսնում եք ծուխ է, պետք է փակեք լուսամուտը»:
Նա ընդգծել է, որ Բնապահպանության եւ Առողջապահության նախարարությունների առանձնացված ստորաբաժանումների միջոցով բնակավայրում կատարվել են չափումներ. «Մենք որոշակի կոնցենտրացիայի ավելացումներ ունեցել ենք ժամը 14.30-ի սահմաններում, բայց մարդու առողջության համար վտանգավոր մակարդակի չի հասել: Իսկ երեկոյան ժամը 5-6-ի դրությամբ, երբ քամին ավելի ուժգնացավ, ցրեց ծուխը, այդ ժամանակ չափումները որեւէ բարձրացում ցույց չեն տվել: Մենք անընդհատ վերահսկողություն ենք իրականացնում, շրջիկ խումբը ծխի ուղղությամբ գնում եւ չափումներ է անում անընդհատ»:
Փոխնախարարի խոսքով, քանի որ ծուխն սկսել է շարժվել Երեւանի ուղղությամբ, իրենց մասնագետները գնում եւ չափումներ են անում:
Հարցին, թե դեռ քանի ժամ կշարունակվի հրդեհը, Սերգեյ Խաչատրյանը պատասխանել է. «Դեռ ծխում է, ծխալու է, քանի որ քանակն այնքան էլ քիչ չէր: Բայց այն նյութերը, որոնք արտանետվում են մթնոլորտ, բացարձակապես անվնաս են մեր օրգանիզմի համար: Այն մակարդակը, որ արտանետվել է, բացարձակ վնաս չի հարուցում: Միաժամանակ հորդորում եմ բնակչությանը լինել ավելի զգուշավոր, փակել պատուհանները, աշխատել ծուխը չշնչել: Այդ տարածքում հիմա էլ փողոցներում կան լիքը մարդիկ, կարծես որեւէ անհանգստություն չկա, այդպես էլ պետք է լիներ»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում: «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվել է էթինոլ լաք նյութը: Մասնագետների պնդմամբ, էթինոլը վտանգավոր չէ քաղաքացիների առողջության համար:
Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում:


























