Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանի դատարանը 2 ամսով երկարաձգել է հունիսի 18-ին վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանի կալանքի ժամկետը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հայ վարորդի ընտանիքի անդամները:

Մողրովյանի հարազատները դեռեւս չգիտեն՝ նախաքննության ավարտ հայտարարվել է, թե ոչ:

Նշենք, որ 34-ամյա Կարապետ Մողրովյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է, 4 երեխաների հայր: Մողրովյանները սեփական տուն չունեն, վարձով են բնակվում, տան միակ աշխատողն էլ Կարապետն էր:

Հիշեցնենք, որ 2017թ. հունիսի 18-ին М-4 մայրուղու վրա, Վենեւսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանքով կա 1 զոհ, 9 վիրավոր: Հայկական միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանը կալանավորված է, իսկ ԿԱՄԱԶ-ի վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել: