Ցանկացած փոփոխության գնալուց առաջ պետք է հստակ ձեւակերպել նպատակը. ինքնանպատակ շարժումը կործանարար է կրթության համար, քանի որ մեր համակարգում բարեփոխումների արդյունքը 5-10 տարի հետո է երեւում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ նշել է Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
«Մենք ուզում ենք, որ դրանք լինեն լավ մտածված, հստակ ու ժամանակի թելադրանքով»,-նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ մարզի կրթության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով բարեփոխումների իրականացման կառուցվածքը՝ նախարարն այդ գործում առանձնահատուկ կարեւորել է ուսուցչի դերը` շեշտելով. «Ներկայացնելով «Ուսուցիչ» նախաձեռնությունը` քարոզչության ցանկություն չունենք, այլ պարզապես ուզում ենք դիմել կրթության ոլորտի կարեւորագույն հատվածին` ուսուցչությանը, ովքեր անկախության առաջին իսկ օրվանից առանց պատշաճ վարձատրության, առաքելության գիտակցումով կատարում են իրենց պարտականությունը:
Ուզում ենք մշակել մոտիվացված համակարգ, որը կնպաստի ուսուցչի մասնագիտական որակի բարձրացմանը, նրա սոցիալական վիճակի բարելավմանը եւ կնախանշի հեռանկարային զարգացումները՝ դրանով նպաստելով ուսուցչի հեղինակության վերականգնմանը»,-ավելացրել է Լեւոն Մկրտչյանը` կոչ անելով ուսուցչությանը` բովանդակային քննարկումների ժամանակ ակտիվություն ցուցաբերել, խոսքից անցնել գործի եւ գործնական ծրագիր ներկայացնել: Անդրադառնալով ուսուցիչների տարակարգերի, դպրոցների ընտրության խնդրին՝ ԿԳ նախարարը նշել է. «Անշուշտ, ուսուցիչ ասելով` ես, իհարկե, նաեւ տնօրենին նկատի ունեմ: Երբ ընտրությունից ընտրություն մենք նրա հպարտությանը հարվածում ենք, չենք կարող ակնկալել, որ նրանք մեր երեխաներին, երիտասարդներին ճիշտ կդաստիարակեն: Մենք պետք է կարողանանք դպրոցական համակարգը դարձնել բոլորի հոգածության առարկան, իսկ դա պետք է սկսել ուսուցչից»:
Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում նախարար Լեւոն Մկրտչյանը եղել է նաեւ Գորիսի պետական համալսարանում, ծանոթացել իրականացվող կրթական ծրագրերին եւ բուհի նյութատեխնիկական հնարավորություններին: Նախարարը հանդիպում է ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, պատասխանել նրանց հուզող բալոր հարցերին:




























