«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ դպրոցներում, տեսչություններում եւ կառավարության համակարգում օպտիմալացում է ընթանում, եւ բյուջեի ծախսերի կրճատման հրամայական է դրված, Սննդի անվտանգության պետական ծառայությունում հաստիքներ են ավելանում: Աշխատողների թիվն ավելացել է 60-ով՝ 280 հոգուց դառնալով 340: Գումարային տեսքով այդ 60 հաստիքը պետական բյուջեի վրա կարժենա մոտ 150 մլն. դրամ:
ՍԱՊԾ պետի խորհրդականների թիվն է ավելացվել՝ 2-ի փոխարեն այժմ նրան խորհուրդ կտա երեք անձ, որոնցից եւ ոչ մեկը սննդի մասնագետ չէ: Մեկը ներկայում մեր կառավարման համակարգում մեծ պահանջարկ վայելող «գազավիկների» դասից է՝ Եղիշե Մարգարյանը, որը գազի սպասարկման գրասենյակի նախկին աշխատող է, հետո «Բելիսս» ընկերություն բացեց եւ ՀԷՑ-ի մատակարարներից էր դեռեւս Գլադունչիկի ժամանակներից:
Վիկտոր Միքայելյանը վերջին տարիներին «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում է աշխատել, իսկ երրորդը՝ Հովհաննես Նավասարդյանը, բանկային մասնագետ է, Արդշինբանկի, Զարգացման հայկական բանկի եւ Կենտրոնական դեպոզիտարիայից եկած:
Ի դեպ, ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, գալով պաշտոնի, փոխել է ծառայության պաշտոնի անձնագրերի մեծ մասը՝ վերացնելով մասնագիտական կրթություն ունենալու պահանջը: Նպատակը՝ որպեսզի ոչ մասնագետները կարողանան զբաղեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ: Ներքին աուդիտի վարչությունն է «բազմացել», գրեթե եռապատկվել, 4 հաստիքի փոխարեն 11 աշխատող կա այստեղ: Պետն Իշխան Կարապետյանի կուրսեցի Արայիկ Քուրդյանն է:
Աշխատողները բողոքում են, որ նա «ՍԱՊԾ-ի Ստալինն» է: Նրա հիմնական ֆունկցիան հներից ազատվելն է:
Պարզ չէ, թե ինչ իմաստ ունի ներքին աուդիտի այսքան բազմամարդ ստորաբաժանում ունենալը, եթե պետական հիմնարկներում պարբերաբար ստուգումներ են անցկացնում ՀՀ վերահսկիչ պալատը, նախագահի եւ վարչապետի վերահսկողության ծառայությունները, ֆինանսների նախարարության տեսչությունը, Ազգային անվտանգությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























