ՀՀ կառավարությունն առաջարկում է լուծում տալ Հայկական ատոմային էլեկտրակայանում առաջացած ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի խնդրին եւ առաջարկում է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն»: Լայն հանրությունը եւ ՀԱԷԿ-ի ազդակիր գոտու բնակչությունն անհանգստացած են այս խնդրով եւ պահանջում են հանրային լայն քննարկումներ, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն. «…Մինչեւ 1995 թ-ի ՀԱԷԿ-ի վերագործարկումը կայանի տարածքում կուտակվեց 600 միավոր աշխատած միջուկային վառելիք: 2000 թ-ին ֆրանսիական «Ֆրամատոմ» կազմակերպությունը ՀԱԷԿ-ի տարածքում կառուցեց գերեզմանոց չոր եղանակով թափոնների երկարաժամկետ պահման համար, որտեղ մինչեւ 2005 թ-ը տեղափոխվեց 616 միավոր աշխատած միջուկային վառելիք: Ամեն տարի ՀԱԷԿ-ն առաջացնում է 80 միավոր աշխատած միջուկային վառելիք:
2008թ-ին շահագործման հանձնվեց 672 միավոր աշխատած միջուկային վառելիքի համար պահպանման 2-րդ հերթի 1-ն մասը, որը լցվեց 2015 թ-ին: Նույն 2015 թ-ին շահագործման հանձնվեց 2-րդ հերթի 2-րդ մասը 672 միավոր աշխատած միջուկային վառելիքի համար: Նախատեսվում է մինչեւ 2034 թ-ը 168 միավոր աշխատած միջուկային վառելիքով լցնել 3-րդ հերթը, եւ ապա կառուցել 4-րդը՝ 593 միավոր աշխատած միջուկային վառելիքի համար, որի համար կօգտագործվեն բազմամյա օգտագործման կոնտեյներներ:
Ռազմավարության գլխավոր կետերից է ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների նոր գերեզմանոցի կառուցման համար հարթակի ընտրությունը` նրա հետագա ընդլայնման հնարավորությամբ: Եվ առաջարկվում է ուսումնասիրել բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոնների խորը երկրաբանական ֆորմացիաներում թաղման հնարավորությունները` անցկացնելով հիդրոլոգիական եւ երկրաբանական հետազոտություններ»:
«Արմավիրի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախագահ Անժելա Ստեփանյանի կարծիքով՝ այս ռազմավարությունը շատ քաղաքացիների համար պարզ չէ: «Ատոմակայանը իր վառելիքով, թափոններով, ռադիոակտիվ ֆոնով հասարակության համար նման է մութ անտառի, ում ուզում եք հարցրեք: Նույնիսկ ատոմակայանին կից ապրող բնակչությունը տեղյակ չէ, թե ինչ ռիսկերի հետ գործ ունի եւ ինչպես պաշտպանվել դրանցից։ Նախկինում Մեծամորի գրեթե ողջ բնակչությունը եւ հասարակությունն ատոմակայանում աշխատողների միջոցով որոշ չափով տեղեկատվություն էին ստանում: Իսկ հիմա պատկերը լրիվ այլ է. աշխատողների մեծ մասը Երեւանից է։ Պետք է լինի մասնագիտական փորձագիտական խումբ, որպեսզի որոշ հարցերի պատասխանի։ Մենք, ի դժբախտություն մեզ, ապրում ենք ակտիվ սեյսմիկ գոտում, հենց ատոմակայանի հարեւանությամբ, ու եթե դրան գումարենք այս անկայուն ջրային ռեսուրսները, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի հանգամանքը, պատկերը լրիվ կամբողջանա»,- Արմավիրի զարգացման կենտրոնում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ասաց Անժելա Ստեփանյանը։
Նա հատուկ ուշադրություն դարձրեց ՀԱԷԿ-ի անվտանգության հետ կապված ջրի խնդիրների վրա (Էկոլուր. ՀԱԷԿ-ը օգտագործում է ջուր Սեւ ջուր գետից եւ 3 հորատանցքից. Սեւ ջուր գետի թողքի նվազումը պայմանավորված է Արարատյան դաշտավայրում ձկնաբուծարանների կողմից ստորգետնյա ջրերի անխնա օգտագործմամբ). « Իսկ հիմա մենք ունե՞նք Սեւ ջուր գետը: Չունենք։ Ու որտեղ էլ որ կառուցեն գերեզմանոցները, առաջանում է հարց՝ ինչպես է պաշտպանվելու հասարակությունը: Առաջանում է նաեւ շրջակա միջավայրի անվտանգության հարցը: Ռազմավարության մեջ ձեւակերպումները հստակ չեն. ինչպե՞ս են լսելու բնակչությանը, ի՞նչ մեթոդներ են կիրառվելու անվտանգությունն ապահովելու համար, ատոմակայանի հարակից գյուղերում քանի՞ անձի համար են պատրաստվելու տարածքներ, կամ կա՞ն դրանք, թե` ոչ։ Կարող եմ միայն Արմավիր քաղաքի համար ասել, որ ոչինչ չկա, զրո է»,- ասաց Անժելա Ստեփանյանը:
Արմավիրի զարգացման կենտրոնի տնօրեն Նաիրա Առաքելյանը նշեց, որ իրենց կենտրոն այցելած ֆրանսիացի եւ ճապոնացի փորձագետները վստահեցրել են՝ շրջակա միջավայրի ռադիոակտիվ ֆոնը նորմայի մեջ է: «Միեւնույն է, այս թեմայով պետք է մեծածավալ հանրային լսումներ անցկացնել մարզում: Ինչքան էլ ռադիոակտիվ ֆոնը նորմայի մեջ լինի, փաստ է, որ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորներին մեր տարածաշրջան չեն ուղարկում, որովհետեւ այն համարվում է վտանգավոր գոտի»,- ասաց Նաիրա Առաքելյանը։
Նա նաեւ անրադարձավ ՀԱԷԿ-ի սոցիալական եւ կորպորատիվ պատասխանատվության հարցերին. արդյո՞ք կան սոցիալական եւ բնապահպանական ծրագրեր ազդակիր համայնքներում, ունե՞ն այդ համայնքները ինչ-որ առավելություններ էլէկտրաէներգիայի գնի հետ կապված։ «Կարեւոր է, որ բնակչությունը իրազեկվի, անցկացվեն հանրային լսումներ եւ փորձագիտական հանդիպումներ: Բնակիչները ոռոգման ջրի խնդիր ունեն: Դա ազդում է ատոմակայանի հովացման համակարգի վրա»,- նշեց նա։
Նաիրա Առաքելյանը կարեւորեց ՀԱԷԿ-ից մինչեւ 10 կիլոմետր շառավղով հեռու գտնվող համայնքները պաշտոնապես ազդակիր համայնքներ ճանաչելու հարցը։




























