Օգոստոսի 29-ին Վանաձորում՝ ոստիկանության Տարոնի բաժնի մոտ, կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ, արդարադատության կապիտան Վ. Այվազյանին։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս անմիջապես տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել են «կրծքավանդակի ձախ կեսի ձախ վերջույթի կտրած-ծակած վնասվածքներ»:
Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Կասկածյալը ձերբակալվել է։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզում, օգոստոսի 29-ին, սպանության փորձ է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության շենքի դիմաց Վանաձորի բնակիչ Արայիկ Մ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահան Ա.-ի կրծքավանդակի ձախ հատվածին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Արայիկ Մ.-ն, ով Վահան Ա.-ի աներն է եւ, ըստ տեղեկությունների՝ այն կապված չէ Վահան Ա.-ի մասնագիտական գործունեության հետ, այլ ընտանեկան անհամաձայնություն է:


























