Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չի քննարկվել Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը, Արեւմուտքի կասկածները փարատելու նպատակով էին։ NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։

Նշենք, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով՝ Սարգսյան-Պուտին հանդիպման մանրամասներին, ասել էր, որ Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հարց չի քննարկվել։ Մի քանի բառով ուղղակի ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը եւ հայտնել իր պատկերացումը հարեւանի մտադրությունների հետ կապված:

Այս հարցին անդրադառնալը ուշագրավ էր հանդիպմանը զուգահեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ռիչարդ Հոգլանդի՝ Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ հրապարակած կետերի համատեքստում։

«Սերժ Սարգսյանի հայտարարությունը ուշագրավ է հատկապես այն պարզ պատճառով, որ Պուտինի հետ հանդիպման ազդագիրը նախօրոք տրված էր, որ Պուտինը եւ Սերժ Սարգսյանը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության հարցերը։ Սերժ Սարգսյանն էլ նախընտրել է ակնհայտոորեն փարատել այդ կասկածները, որ կարող է ունենալ ամերիկյան կողմը, որի նպատակն էր Ռիչարդ Հոգլանդի այսպես ասած հետախուզումը։ Միացյալ Նահանգները ուզում էր հասկանալ՝ արդյոք Հայաստանը ներքաշվում է Ռուսաստանի ներքո կազմակերպվող առարկայական բանակցություններում, քանի որ պաշտոնական Երեւանը մինչ այդ նշել էր, որ բանակցային գործընթացի մասին կարող է խոսել միայն այն դեպքում, եթե անվտանգության միջազգային երաշխիքներ ստեղծվեն, որը Վիեննայի պայմանավորվածությունն է, հետեւաբար Սերժ Սարգսյանը կարծեք Արեւմուտքին հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինի հետ առարկայական բանակցություններ չեն եղել»,-ասաց վերլուծաբանը՝ նշելով, որ առարակայական բանակցություններ ասելով՝ նկատի ունի խնդրի մասին համապարփակ զրույց՝ կարգավիճակից մինչեւ խաղաղապահ զորքեր։

«Հոգլանդի հրապարակած կետերից առաջինը վերաբերում էր ստատուս քվոյի որոշակիացմանը՝ հիշեցնելով, որ խաղաղապահները պետք է միջազգային լինեն, մինչդեռ Ռուսաստանը մշտապես առաջարկել է ռուս խաղաղապահների տեղակայումը, հետեւաբար Սերժ Սարգսյանը մի քանի ոււղերձ է հղում եւ փարատում մտահոգությունները, որ չեն եղել առարկայական քննարկումներ եւ խոսքը վերաբերել է ընդամենը տարածաշրջանի հարցերին։

Սերժ Սարգսյանի մեսիջն ուղղված էր Արեւմուտքին, որ Ռուսաստանի ճնշման ներքո Հայաստանը չի կարող ներգրավվել մի գործընթացում, որտեղ ոչ միայն Հայաստանի շահերը չեն բավարարվում, այլեւ Արեւմուտքի»։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ համենայնդեպս այս աշնանը խնդրի կարգավորման ուղղված էական փոփոխություններ ակնկալել պետք չէ։

«Կրեմլը որքան էլ ցանկանում է ժամանակավոր կիսատ-պռատ լուծումներ տալ հանուն ռուս խաղաղապահների տեղակայմանը, այդուամենայնիվ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը դրան խոչընդոտում է։ Պաշտոնական Երեւանը ապրիլյան պատերազմից հետո հայտարարել է, որ բանակցությունների մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ անվտաննգությունը ապահովված չէ, պետք է կյանքի կոչել Վիեննայի պայմանավորվածությունները։ Հենց այս հանգամանքը ռուսական կողմի ցանկացած գործընթաց առաջ տանելուն խոչընդոտում է։

Մյուս կողմից Ռուսաստանը կցանկանար ճնշել Երեաւնին եւ համոզել մտնել առարկայական բանակցությունենրի մեջ, որպեսզի իր պատկերացրած լուծումը տա, բայց կա նաեւ արեւմուտքի գործոնը։ Ի վերջո Ռուսաստանը միայնակ չի կարող պարտադրել ու գործընթաց տանել։ Այս կտրվածքով սպասել աշնանը որեւէ կարգավորման, իրատեսական չէ։ Թերեւս այս իրավիճակում, երբ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հարաբերություները անորոշ են, եթե չասեմ լարված, աշնանը սպաասել որեւէ կարգավորման, իրատեսական չեմ համարում»,-իր խոսքն ամփոփեց Ստյոպա Սաֆարյանը: